Պատրաստում ենք Գյումրեցու հետ
Երևանյան թե Գյումրու շուկա մտնելիս ԼեննաԳանցին երբեք չի առնի գազար, նա հաստատ կառնի կա՛մ գՅազար, կա՛մ փուռչուլուգ: Ու, եթե հանկարծ պարզվի, որ տան տիկինն այդ օրը բորշ է եփելու, ուրեմն էդ նույն լեննագանցին կառնի նաև լախանա՝ նույն ինքը կաղամբ, կարմիր տակ ու չի մոռանա թազա կարտոֆիլի մասին: Իսկ լեննագանցի տիկինն իր հերթին բորշն անպայման կեփի լագյանով կամ էլ եքա ղազանով:
Դե, օր տունը հեչ մարդ անոթի չմնա:
Եթե պարզվի, որ լեննագանցի տիկինն այդ օրը նաև փակոցների հետ է, ուրեմն ամուսինը հաստատ չի մոռանա գնել ցվետնո, կագալ, որ ձմեռվա համար համով մուրաբաներ ունենան ու կանաչի, իսկ կանաչիից անպայման պայման են տերաղոթին, ղմին ու ճավը:
Լեննագանցին շուկայից երբեք ոչինչ չի գնի, եթե իրեն հանդիպած միրգ-բանջարեղենը ղայդին չէղան.
«Ընձի պիջիկ-միջիկ բաներ մի տվեք», – կասի լեննագանցին:
Շուկայից տուն ճամփին լեննագանցի պապան հաստատ զանգ կստանա.
«Ղայֆեն պրծել է»,- կասի կինը:
«Հետդ խորոզ բեր, հետդ ձուտ բեր, հետդ բաթաթ բեր…»,- կասեն էրեխեքը:
«Էդ խորոզն ըդպես խաձելով մի կերեք»,- կասի լեննաԳանցի տիկինը… «բգից քիբարի էղեք»,-կավելացնի լեննագանցի պապան:
Եթե լեննագանցի ամուսինը թեյը քաղցր չի սիրում, ուրեմն լեննագանցի տիկինը գիտի, որ թեյի մեջ «մենակ մե նայսեմ պիսոկ» կարող է ավելացնել, որ հանկարծ շարբաթ չդառնա: Ճաշն էլ ո՛չ աղի, ո՛չ էլ ալնի պետք է լինի:
Իսկական գյումրեցու ընտանիքում հացը երբեք չեն կտրում, հացը ջարդում են:
«Սեղանը դրել եմ, մնաց հացը ջարդեմ»,- կասի լեննագանցի տիկինը:
«Չախլամեն չմոռանաս»,- կավելացնի ամուսինը:
Իսկական լեննագանցու ընտանիքում հացից երբեք չեն խռովում, եթե անգամ 5 րոպե առաջ իրար ուժեղ նեղացրած լինեն: Լեննագանցու ընտանիքում հաց ուտելն ամենաիսկական ծիսակարգ է, որի մասնակիցը պետք է դառնան ընտանիքի բոլոր անդամները՝ պզդիգից մեծ:
Բառերի բացատրություններ
Կարմիր տակ՝ կարմիր բազուկ
Թազա՝ նոր
Լագյան՝ խորը կաթսա
Եքա՝ մեծ
Ղազան՝ մեծ աման
Անոթի՝ սոված
Ցվետնո՝ ծաղկակաղամբ
Կագալ՝ ընկույզ
Տերաղոթի՝ սամիթ
Ղմի՝ շուշան
Ճավ՝ բազուկի տերև
Ղայդին՝ նորմալ
Պիջիկ՝ փոքր
Ղայֆա՝ սուրճ
Խորոզ՝ շաքարաքլոր
Ձուտ՝ ծամոն
Բաթաթ՝ արևածաղիկ
Խաձել՝ կծել
Բգից քիբարի լինել՝ շատակեր չլինել
Մե նայսեմ՝ մի քիչ
Շարբաթ՝ քաղցր
Ալնի՝ առանց աղի
Չախլամա՝ թան
Պզդիգ՝ փոքր