четверг, 4 февраля 2021 г.

Կարդում ենք արևմտահայերեն

Ռուբեն Սևակ

Բանաստեղծություններ

Սիրոյ շողքերը

Երգը յուշքին
Սըրտիս խորէն
Կուլայ ուժգին
Վհատօրէն։

Ու տրտմագին
Սէրըս նո՜րէն
Կը ծնի ցաւին
Խարոյկներէն։

Ու կուզեմ լա՜լ
Մոխիրներուն
Վրայ Սիրոյս,

Որպէսզի ա՜լ
Շողքերն հետին
Չկայծկըլտին

Արցունքին քերթվածը

 Այտերն ի վար, այտերն ի վար ուր հավետ

Կը տոչորի հետքը վերջին համբույրին,
Իջի՛ր արցունք, զովությանդ մեջ երկնավետ,
Թող սերերու հետին բոցերը մարին։

Գգվանքներու ծովուն վրա ալեվետ,
Մեռած, թոշնած խոստումներուն վրա ցրտին՝
Իջիր, արցունք, զովությանդ մեջ կենսավետ,
Իջիր սառած երազներուն վրա սրտին։

Համբույրներս թերթերուն վրա ցիրուցան,
Անոնց վրա որ ժպտեցան ու անցան․
Ու խեղճ սրտին մոխիրներուն վրա տրտում
Փլատակներուն վրա տենչին ու հույսին․

Իջի՛ր, արցունք, գորովանքովդ անդադրում:

Ինչո՞ւ

Ինչո՞ւ, ինչո՞ւ զիս սիրեցիր,
Փոքրիկ աղջիկ, քեզի մե՜ղք էր.
Փոքրիկ ծոցիդ թիթե՜ռ պետք էր.
Դուն ծեր արծի՛վ մի բանտեցիր…

Կապույտ աչվիդ երբ որ բացիր,
Կապո՞ւյտ աղջիկ՝ պլպլուն երգ էր.
Քե՜զ ալ սիրո մրմունջ պետք էր,
Դուն գուժկան մռունչս ընտրեցիր…

Ես կերթա՛մ մի՜շտ, անծայրածի՜ր
Դամբաններն են ոտքիս հետքե՛ր,
Քեզ սիրո մեղմ սյուք մը պետք էր,
Դուն փոթորկի՜ն կուրծքըդ բացիր…

Կայրի՜ն աչերըդ սևածիր,
Պիտի մեռնիս, այդպես մ’երգեր,
Քեզի փոքրիկ սեր մը պետք էր,
Դուն Սեր–Աստվա՛ծը սիրեցիր…

Հոգիս

Հիվանդ տերև մը տեսա կանաչին մեջ դաշտերուն։
Ի՜նչ աղվոր էր գարունը, փափուկ հովեն օրորուն,
Սիրուն խոտերը դաշտին, ծաղիկներն ալ բյուր գույնով,
Կը խնդայի՜ն լռելյայն գաղջ արևին տաք գինով։

Բայց գարնային կենսավե՜տ այդ պահին մեջ օրորուն,
Հիվանդ տերև՜ մը տեսա, կանաչին մեջ դաշտերուն,
Չորցած տե՜րև մը նիհար, որ զեփյուռին հըպումով
Մեռելամերձ կը դողար մարգերուն մեջ ակնաթով։

Սիրտս անհո՜ւն ցավով լի, ես հեռացա սըգահար,
Մատներու մեջ առի զայն ու իր մարմինը նիհար
Գուրգուրանքով, արցունքով մոտեցուցի շըրթունքիս։

Անժամանա՜կ թարշամած գարնան տերև մ’է հոգիս.
Ծաղիկներու մեջ կյանքին, զեփյուռին տակ մայիսի,
Ա՛լ ժըպտալու անկարող, ան կը դողա՜, կը մըսի՜

Հիվա՜նդ տերև մը տեսա կանաչին մեջ դաշտերուն։

Комментариев нет:

Отправить комментарий

Մեծերը Թումանյանի մասին

 Մեծերը Թումանյանի մասին Թումանյնի ընդմիշտ   : ...Նա եղավ մեզ համար այն, ինչ որ եղավ Պուշկինը ռուսների համար, Միցկևիչը` լեհերի համար: ԱՎ. ԻՍ...