понедельник, 19 октября 2020 г.

Գրաբարյան օրեր

 

       «ԹԷՊԷՏ ԵՒ ԵՄՔ ԱԾՈՒ ՓՈՔՐ…»
…Թէպէտ եւ եմք ածու փոքր, եւ թուով յոյժ ընդ փոքու սահմանեալ, եւ զօրութեամբ տկար եւ ընդ այլով յոլով անգամ նուաճեալ թագաւորութեամբ, սակայն բազում գործք արութեան գտանին գործեալ եւ ի մերում աշխարհիս, եւ արժանի գրոյ յիշատակի…:
(Մովսէս Խորենացի, Պատմութիւն Հայոց )
Բառարան
ածու
-տնկարան. այստեղ` փոխաբերաբար` ժողովուրդ
յոլով-շատ
արութիւն-քաջություն. գործ արութեան-քաջագործություն

«Թեպետ մենք փոքր ածու ենք և թվով շատ սահմանափակ ու զորությամբ թույլ և շատ անգամ օտար թագավորությունների կողմից նվաճված, բայց և այնպես մեր աշխարհում էլ գրելու և հիշատակելու արժանի շատ սխրագործություններ են կատարվել»:

«ՀԱՒԱՏՈՎ ԽՈՍՏՈՎԱՆԻՄ…»

Հաւատով խոստովանիմ եւ երկիր պագանեմ քեզ, Հա´յր եւ Որդի´ եւ Սո´ւրբ Հոգի. անեղ եւ անմա´հ բնութիւն. արարի´չ հրեշտակաց եւ մարդկան եւ ամենայն եղելոց. ողորմեա´ քո արարածոց եւ ինձ բազմամեղիս:
Հաւատով խոստովանիմ եւ երկիր պագանեմ քեզ, անբաժանելի´ լոյս, միասնական սո´ւրբ Երրորդութիւն եւ մի´ Աստուածութիւն. Արարի´չ լուսոյ եւ հալածի´չ  խաւարի. հալածեա´ ի հոգւոյ իմմէ գլխաւար մեղաց եւ անգիտութեան. եւ լուսաւորեա´ զմիտս իմ ի ժամուս յայսմիկ` աղօթել քեզ ի հաճոյս եւ ընդունիլ ի քնէ զխնդրուածս իմ. ողորմեա´…:
Հա´յր երկնաւոր Աստուած ճշմարիտ, որ առաքեցեր զՈրդիդ քո սիրելի ի խնդիր մոլորեալ ոչխարին. մեղայ յերկինս եւ առաջի քո. ընկա´լ զիս որպէս զանառակ որդին. եւ զգեցո´ ինձ զպատմուճանն զառաջին` զոր մերկացայ մեղօք. եւ ողորմեա´…:
(Ներսէս Շնորհալի)

Հավատով խոստովանում և երկրպագում եմ քեզ, Հա՛յր և Որդի՛ և Սո՛ւրբ Հոգի, անե՛ղ և անմա՛հ բնություն, արարի՛չ հրեշտակների, մարդկանց և բոլոր արարածների. ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:
Հավատով խոստովանում և երկրպագում եմ քեզ, անբաժանելի լո՛ւյս, միասնական Սո՛ւրբ Երրորդություն և մի Աստվածություն, արարի՛չ լույսի և հալածի՛չ խավարի, հալածի՛ր իմ հոգուց մեղքերի և անգիտության խավարը և լուսավորի՛ր միտքս` աղոթելու քեզ այժմ հաճույքով ու ստանալու քեզանից իմ խնդրածները. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:
Հա՛յր երկնավոր, Աստվա՛ծ ճշմարիտ, որ առաքեցիր քո սիրելի Որդուն մոլորված ոչխարիս փնտրելու համար, մեղա՜ երկնքի ու քո առաջ, ընդունի՛ր ինձ ինչպես անառակ որդուն և հագցրո՛ւ ինձ առաջին պատմուճանը, որից մերկացա մեղքով. և ողորմի՛ր քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս
:


Комментариев нет:

Отправить комментарий

Մեծերը Թումանյանի մասին

 Մեծերը Թումանյանի մասին Թումանյնի ընդմիշտ   : ...Նա եղավ մեզ համար այն, ինչ որ եղավ Պուշկինը ռուսների համար, Միցկևիչը` լեհերի համար: ԱՎ. ԻՍ...