вторник, 4 февраля 2020 г.

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը ծագել է 1917թ. Ռուսաստանյան կայսրության փլուզման արդյունքում Անդրկովկասում երեք ազգային պետությունների` Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի հանրապետությունների կազմավորման շրջանում: Լեռնային Ղարաբաղը բնակչությունը, որի 95 տոկոսը հայեր էին, գումարեցին իրենց առաջին համագումարը, որը Լեռնային Ղարաբաղը հռչակեց անկախ վարչաքաղաքական միավոր, ընտրեց Ազգային խորհուրդ և կառավարություն: 1918-1920թթ. Լեռնային Ղարաբաղն ուներ պետականության բոլոր ատրիբուտները` ներառյալ բանակն ու օրինական իշխանությունները:
Լեռնային Ղարաբաղի ժողովրդի խաղաղ նախաձեռնություններին ի պատասխան Ադրբեջանի Ժողովրդական Հանրապետությունը դիմեց ռազմական գործողությունների: 1918թ. մայիսից մինչև 1920թ. ապրիլը Ադրբեջանի և նրան սատարող Թուրքիայի զինված ստորաբաժանումները հայ ազգաբնակչության հանդեպ իրագործեցին բռնություններ և ջարդեր (1920թ. մարտին միայն Շուշիում կոտորվեց և տեղահանվեց շուրջ 40 հազար հայ): Սակայն, դրանով հնարավոր չեղավ պարտադրել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին ընդունելու Ադրբեջանի իշխանությունը:
1919թ. օգոստոսին Ղարաբաղը եւ Ադրբեջանը` ռազմական բախումը կանխելու նպատակով կնքեցին նախնական պայմանագիր, որով համաձայնվեցին երկրամասի կարգավիճակի խնդիրը քննարկել Փարիզի խաղաղության խորհրդաժողովում:
Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի ներկա փուլը սկսվել է 1988թ., երբ ի պատասխան ԼՂ բնակչության ինքնորոշման պահանջի, ադրբեջանական իշխանությունները կազմակերպեցին հայ բնակչության կոտորածներ ու էթնիկ զտումներ Ադրբեջանի ողջ տարածքում, մասնավորապես` Սումգայիթում, Բաքվում եւ Կիրովաբադում:
1991թ. դեկտեմբերի 10-ին, ԼՂ-ի բնակչությունը հանրաքվեով ամրագրեց անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակումը, որը լիովին համապատասխանում է ինչպես միջազգային իրավունքի նորմերին, այնպես էլ այն ժամանակվա ԽՍՀՄ օրենքների տառին և ոգուն: Այսպիսով, նախկին Ադրբեջանական ԽՍՀ տարածքում ձեւավորվեցին երկու իրավահավասար պետական կազմավորումներ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը եւ Ադրբեջանի Հանրապետությունը:
Լեռնային Ղարաբաղում և հարակից հայաբնակ տարածքներում ադրբեջանական իշխանությունների վարած էթնիկ զտումների քաղաքականությունը վերաճեց Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից բացահայտ ագրեսիայի և լայնածավալ ռազմական գործողությունների, ինչը հանգեցրեց տասնյակ հազարավոր զոհերի և զգալի նյութական կորուստների:
Ադրբեջանը ոչ մի անգամ չանսաց միջազգային հանրության, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող ՄԱԿ ԱԽ բանաձևերում ամրագրված կոչերին` դադարեցնել ռազմական գործողությունները և վարել խաղաղ բանակցություններ:
Պատերազմի արդյունքում Ադրբեջանը զավթեց Լեռնային Ղարաբաղի Շահումյանի շրջանն ամբողջությամբ և Մարտունի ու Մարտակերտի շրջանների արևելյան հատվածները: Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի վերահսկողության տակ անցան հարակից շրջաններ, որոնք անվտանգության բուֆերի դեր կատարեցին` արգելափակելով ադրբեջանական կողմից ԼՂ բնակավայրերի հետագա հրետակոծումը:
1994թ. մայիսին Ադրբեջանը, Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը կնքեցին զինադադար, որը` չնայած խախտումներին, ուժի մեջ է ցայսօր:  Հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցություններն ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) միջնորդությամբ:

Комментариев нет:

Отправить комментарий

Մեծերը Թումանյանի մասին

 Մեծերը Թումանյանի մասին Թումանյնի ընդմիշտ   : ...Նա եղավ մեզ համար այն, ինչ որ եղավ Պուշկինը ռուսների համար, Միցկևիչը` լեհերի համար: ԱՎ. ԻՍ...